Raid հատուկ նշանակության ոստիկանների բանակցությունները Թուլուզում ահաբեկչություն իրագործած կասկածյալի հետ կարող են ձգվել ամբողջ գիշեր: Այս մասին BFM TV-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժերար Լոնգեն:
Ժամը 3.20–ին (մեր ժամանակով՝ 6.20–ին) ոստիկանությունը սկսել է աղմկահարույց սպանությունների մեջ կասկածվող Մոհամմեդ Մերին ձերբակալելու օպերացիան: Բնակարանի դռան մոտ Մերը ոստիկաններին դիմավորել է կրակոցներով` վիրավորելով երեք աշխատակցի, սակայն շուտով հանցագործը սկսել է բանակցությունները: Դատախազի խոսքերով՝ նա իր վրա է վերցրել Թուլուզում և Մոնտոբանում զինվորականների և երեխաների սպանությունները և հայտարարել է, որ որոշել է մոտ օրերս սպանել մեկ զինծառայողի և երկու ոստիկանի: Իշխանություններն ուզում են նրան ողջ ձերբակալել և հույս ունեն, որ նա կհանձնվի ոստիկանությանը:
«Մեկ գիշեր, բայց ոչ՝ մի քանի օր: Ֆիզիկական հոգնածությունից, նյարդային համակարգի հոգնածությունից կհանձնվի: Փորձը ցույց է տալիս, որ նման խելագարներն ինչ-որ մի պահ կանգ են առնում»,- ասել է Լոնգեն՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք բանակցությունները տևել ամբողջ գիշեր կամ մի քանի օր:
Նա նշել է, որ իշխանություններն ուզում են ձերբակալել կասկածյալին, այլ ոչ թե սպանել նրան:
«Մենք միայն ուզում ենք, որ նա ողջ մնա, որպեսզի կարողանանք նրան դատել և հասկանալ նրա գործողությունների շարժառիթները, իմանալ արդյո՞ք նա համախոհներ և օգնականներ ունեցել է»,- հայտարարել է պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան հանցագործը մոտեցել է Թուլուզի հրեական դպրոցին և կրակ է բացել աշակերտների խմբի, ծնողների և ուսուցիչների վրա: Մահացել են 30-ամյա ուսուցիչը, նրա երկու երեխաները և դպրոցի տնօրենի աղջիկը: Ծանր վիրավորված է 17-ամյա մի պատանի:










































