Մոսկվան «անօգուտ և անէական» է համարում ամերիկացիներից որպես բարի կամքի դրսևորում ստացած գաղտնի տեղեկատվությունը ԵվրոՀՀՊ համակարգի վերաբերյալ: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանին տեխնիկական տվյալներ տրամադրել SM-3 կանխազարկ-հրթիռների և ՀՀՊ այլ բաղադրիչների վերաբերյալ: Նման ձևով ամերիկացիները պատրաստվում էին ռուսական կողմին համոզել համագործակցել այդ հարցում: Պարբերականի տվյալներով՝ գաղտնիքը փոխանցվել է մարտի կեսերին՝ ՀՀՊ-ի և ռազմավարական կայունության հարցերով ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Էլեն Թոշերի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ: Նա հանդիպել է Ռուսաստանի մի շարք պաշտոնատար անձանց հետ, որից հետո Պետդեպը բանակցությունները որակել է որպես «օգտակար և կառուցողական», սակայն ռուսական կողմն այլ կարծիք ունի:
Թերթը գրում է, որ Թոշերի հանձնած փաստաթղթերի տեքստին ծանոթ ռուս պաշտոնյաներից մեկը «դրանց արժեքը որակել է հրապարակման չենթակա արտահայտություններով»: Թերթի մեկ այլ զրուցակից նշել է, որ ԱՄՆ-ը սկզբունքորեն չէր կարող Ռուսաստանին արժեքավոր տեղեկատվություն փոխանցել, քանի որ դա արգելված է Սենատի կողմից:
Բանակցություններում առաջացած փակուղու հետ կապված Ռուսաստանի ՊՆ-ն պատրաստվում է միջազգային կոնֆերանս հրավիրել՝ ՀՀՊ-ի վերաբերյալ իր դիրքորոշումը բացատրելու համար: Միջոցառումը նախատեսվում է անցկացնել մայիսի 3-4-ը Մոսկվայում, դրան կմասնակցեն ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և մի շարք եվրոպական երկրների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Ռուսական կողմը կոնֆերանսի համար պատրաստել է շնորհանդես, որում ապացուցում է, որ ՀՀՊ-ն խախտում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում









































