Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հավանություն է տվել արևմտյան պետությունների որոշմանը՝ հրաժարվել Սիրիայի հետ սպառնալիքների լեզվով խոսելու ոճից, հաղորդում է Interfax-ը:
«Ես շատ ուրախ եմ, որ մեր գործընկերները վերջին հաշվով, ինչպես ցույց տվեցին երեկվա հայտարարության վրա աշխատանքները, հրաժարվել են վերջնագրերից, հրաժարվել են սպառնալիքների և խնդիրը միայն կառավարությանը ներկայացրած միակողմանի պահանջներով լուծելու ճանապարհից»,- Բեռլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Լավրովը:
Խոսելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին, նա պարզաբանել է, որ դրանք արգելափակելով Ռուսաստանը պաշտպանել է ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը, այլ Անվտանգության խորհրդին:
«Մենք հակադարձելով նման առաջարկություններին՝ չենք պաշտպանել Ասադի վարչակարգը, այլ պաշտպանել ենք Անվտանգության խորհրդին, որը չպետք է անիրական որոշումներ ընդունի: Եթե ընդունված լինեին մեր արևմտյան գործընկերների առաջարկած գաղափարները, դրանք չէին աշխատի»,- մեկնաբանել է Լավրովը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հաղորդվեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է Սիրիայի հարցով հայտարարություն՝ իր աջակցությունը հայտնելով Քոֆի Անանի առաքելությանը:











































