Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքական գործիչներին ու հասարակությանը` կապված մինսկյան մետրոյում ահաբեկչություն կատարած երկու երիտասարդներին մահապատժի ենթարկելու հետ:
«Դա եղել է բացարձակապես թափանցիկ գործընթաց սկզբից մինչև վերջ: Թե ՌԴ դաշնային ծառայության, թե իսրայելական «Մոսադի» ու Ինտերպոլի մոտ դատավարության ընթացքում չի ծագել որևէ հարց ու կասկած»,- նրա խոսքերը մեջբերում է БелТА-ն: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել էր Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Բելառուսի նախագահը «անձնական ողբերգություն» է անվանել Վլադիսլավ Կովալյովի ու Դմիտրի Կոնովալովի մահապատիժը, որոնց դատարանը մեղավոր էր ճանաչել 2011թ. ապրիլի 11-ին կատարած ահաբեկչության մեջ: «Սա եղել է կյանքիս հերթական ողբերգությունը: Բայց ավելի շատ ես տանջվում էի այդ մարդկանց ծնողների համար, որոնց չեմ կարող օգնել»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է Inteerfax-ը: «Հաճախ հարցնում են` ի՞նչն է ձեզ համար ամենից դժվարը: Ես արդեն մի անգամ հրապարակավ ասել եմ` ամենադժվարը համաներման փաստաթղթի տակ չստորագրելն է: Համաներում ես շնորհել եմ, ըստ իս, միայն մեկ մարդու»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին բելառուսական հեռուստատեսությունը հաղորդել էր, որ հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշում է ընդունել մերժել 2011 թվականի ապրիլի 11-ին Մինսկի մետրոյում ահաբեկչություն իրականացրած հանցագործներին ներում շնորհելու կոչերը:
Ահաբեկչության արդյունքում զոհվել էր 15, վիրավորվել՝ ավելի քան 200 մարդ:









































