ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը կարևոր ու առանցքային հարցերից է, հետևաբար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցն այդ երկիր և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ նրա հանդիպումները շատ օրինաչափ են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
«Եթե Հայաստանն ԱՄՆ-ի հետ բավականին լայն շրջանակի ռազմական համագործակցություն է ծավալում և համապատասխան օղակների հետ ոչ այնքան հաճախակի հանդիպումներ ունենում, նշանակում է մինչև յուրաքանչյուր հաջորդ հանդիպում հստակեցման կարիք ունեցող հարցերի մեծ բազա է կուտակվում»,- ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում, անշուշտ, անդրադարձ կկատարվի Իրանի խնդրին:
Ամփոփելով՝ ռազմական փորձագետը նկատեց, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն այն կառույցը չէ, որի ղեկավարության հետ ամեն օր հնարավոր է հանդիպումներ կազմակերպել, իսկ այն, որ Սեյրան Օհանյանը պետք է հանդիպի նաև ԿՀՎ տնօրեն Դևիդ Պետրեուսի հետ, նշանակում է քննարկման ենթակա մի շարք կարևոր հարցեր կան: «Ես այստեղ մտահոգվելու կարիք չեմ տեսնում: Հակառակը, նմանօրինակ հանդիպումներ անցկացնելը խոսում է Հայաստանի ճկուն արտաքին քաղաքականություն վարելու, աշխարհի ուղեղային կենտրոնների հետ լավ համագործակցություն իրականացնելու ունակության մասին»,- ասաց ռազմական փորձագետը:
Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ:
Վաշինգտոնում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հանդիպումները ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դևիդ Պետրեուսի, պաշտպանության նախարարի տեղակալ Ջոզեֆ ՄըքՄիլանի, պետքարտուղարի տեղակալներ Ֆիլիպ Գորդոնի եւ Էնդրյու Շապիրոյի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:









































