Այսօր առավոտյան Իրաքի տարբեր քաղաքներում տեղի ունեցած մի քանի ահաբեկչություններից հետո երկրում դարձյալ մի քանի պայթյուններ են իրականացվել, որոնք խլել են 20 մարդու կյանք:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, վերջին պայթյուններից մեկը տեղի է ունեցել Իրաքի հարավում գտնվող Մահմուդի բնակավայրում: Զինյալները պայթեցրել են ոստիկանական պարեկության մոտ գտնվող մեքենան, որի հետևանքով զոհվել է 3 մարդ: Եվս մեկ հարձակում է իրականացվել Անբարի մարզպետի անվտանգության աշխատակիցների վրա, որոնցից մեկը զոհվել է:
Այսօր տեղի ունեցած ահաբեկչությունների ընդհանուր թիվը հասել է 43-ի, վիրավորների թիվը՝ 232-ի:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ մի քանի ահաբեկչություններ են իրականացվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և նրան մերձակա քաղաքներում: Բաքուբա և Ֆալլուջա քաղաքներում ոստիկանությունը վնասազերծել է շուրջ տաս ռումբ և ֆուգաս:
Ընդհանուր առմամբ այսօր Իրաքում տեղի է ունեցել առնվազն 14 պայթյուն: Առավել մահաբեր է եղել Քերբելայում իրականացված հարձակումը, որտեղ կրկնակի պայթյունների հետևանքով զոհվել է 13 մարդ:
Ոստիկանությունը ենթադրում է, որ հարձակումները կապված են մարտի 27-29-ը նախատեսվող Արաբական պետությունների լիգայի կոնֆերանսի հետ, որը 20 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ տեղի կունենա Բաղդադում:











































