Մարտի 20-ին ԱԺ Կանաչ սրահում բացվել է գոբելենագործ-գեղանկարչուհի Մարինա Մամյանի աշխատանքների ցուցահանդեսը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Մարինա Մամյանը, որը ստեղծագործում է դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում, Հայաստանի նկարիչների միության, Նկարիչների միջազգային ֆեդերացիայի և Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության անդամ է: Նա Հայաստանում և մի շարք այլ երկրներում ունեցել է անհատական ցուցահանդեսներ, մասնակցել տարբեր ցուցադրությունների:
Խորհրդարանի Կանաչ սրահում ցուցադրվել են գոբելենագործ-նկարչուհու վերջին վեց տարիների ստեղծագործությունները, որոնց գլխավոր արժանիքը, ինչպես նկատեց արվեստաբան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, ներքին լույսն է ու աշխարհընկալման փիլիսոփայությունը:
Ըստ արվեստաբանի` Մարինա Մամյանի արվեստը պոեզիայի և կերպարվեստի մի յուրահատուկ համադրություն է, որոնցում նա արտահայտում է ինչպես տիեզերական օբյեկտների, այնպես էլ բնության երևույթների իր յուրօրինակ ընկալումը, ապշեցնում գույնի, գծերի և երանգների ճշգրտությամբ: Եվ այդ ամենը` պարզ թելերի միջոցով:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ պատգամավորներ:
Նկարչուհին իր շնորհակալական խոսքն է ուղղել ՀՀ Ազգային ժողովին և ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին` օրենսդիր բարձրագույն մարմնում իր աշխատանքների ցուցադրության համար, և հույս հայտնեց, որ սրտի և հոգու թելադրանքով ստեղծված նկարներում ամբարված դրական էներգիան ու լույսը կհաղորդեն լավ տրամադրություն և փոքր-ինչ կհեռացնեն առօրյա գործերից:











































