Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Deutsche Welle-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան հետքայլ է կատարել բարեփոխումների իրագործման հարցում.
«ԵՄ-ի և Թուրքիայի միջև առկա են մեծ խնդիրներ, որոնք անհնար են դարձնում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը: Դրան հավելվում է այն, որ ամռանը ԵՄ-ի նախագահությունը ստանձնում է Կիպրոսը: Նախորդ տարիներին Թուրքիան ավելի մեծ ջանքեր է գործադրել ԵՄ-ի չափորոշիչներին համապատասխանելու ուղղությամբ:
Վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման առաջին շրջանում (2002-2007) Թուրքիայում իրականացվեցին մի շարք ժողովրդավարական բարեփոխումներ: Սակայն ԱԶԿ-ի կառավարման երկրորդ շրջանում (2007-2011) Թուրքիան հետքայլ կատարեց բարեփոխումների իրագործման գործընթացում, ինչն անհանգստացրեց մեզ:
Մենք հետևում ենք Թուրքիայում նոր Սահմանադրության մշակման ու ընդունման շուրջ ծավալված քննարկումներին և հուսով ենք, որ նոր Սահմանադրությունը կբարելավի իրավիճակը մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքների խախտումը, անարդար դատավճիռների կայացումը, մամուլի ազատության սահմանափակումը»:
Շուլցը հավելել է, որ իրենք աջակցում են ԵՄ-ի և Թուրքիայի միջև անցագրային ռեժիմի վերացմանը, քանի որ դա բացասականորեն է անդրադառնում նրանց միջև տնտեսական հարաբերությունների վրա:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Թուրքիան դարձել է ԵՄ-ի 6-րդ խոշոր առևտրային գործընկերը՝ առաջ անցնելով Ճապոնիայից: 2011 թվականին դեպի ԵՄ թուրքական արտահանումն աճել է 12 տոկոսով՝ կազմելով 47.6 միլիարդ եվրո: Միևնույն ժամանակ ԵՄ-ից ներկրումը կազմել է 72.7 միլիարդ եվրո:
Դրանով իսկ 2011 թվականին ԵՄ-ի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է 120 միլիարդ եվրոյի սահմանագիծը: Դրա շնորհիվ Թուրքիան ԵՄ-ի առևտրային խոշոր գործընկերների թվում զբաղեցրել է 6-րդ տեղը՝ իր հետևում թողնելով Ճապոնիային, Հնդկաստանին, Բրազիլիային և Հարավային Կորեային:
2010 թվականին Թուրքիան այդ ցանկում 7-րդն էր, իսկ նրա ցուցանիշը կազմել էր 103 միլիարդ եվրո:









































