Վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Ժողովրդավարության հանդեպ առանձնակի սեր կամ ատելություն չունեմ, բայց ինձ համար այդ հարցում ուղենիշ է եղել Ջորդանո Բրունոյի ասածը. «Անմտություն է` համաձայնել ամբոխի կարծիքին, կարծես թե խելացիների քանակը պետք է գերազանցի կամ հավասարվի, գոնե մոտենա հիմարների անսահման քանակին»:
Ոչ մի տեղ ժողովրդավարություն չկա: Որևէ երկրում, որն ընկալվում է որպես ժողովրդավարության տիպար, համոզված եղեք, իրականում այն չկա. պարզապես խելացիները գտել են հանրությանը մոլորեցնելու հնարն ու երկիրը կառավարում են իրենք, իսկ հանրությունը դա չգիտակցելով կարծում է, թե ինքն է որոշողը:
Եթե այդ իրական կառավարողները երկրի ճակատագրով մտահոգ մարդիկ են լինում, ապա տվյալ ժողովրդի բախտը բերում է, իսկ եթե պատահում է, որ այդ մեխանիզմն ընկնում է շուստրիների ձեռքը, ապա լինում է այն, ինչ ունենք ներկա աշխարհի մեծ մասում:
Երբեմն այն կարծիքն եմ ունենում, թե ՀՀ-ում ժողովրդավարություն ստեղծելու ծրագիրը մեր ազգի հակառակորդներն են միտումնավոր հարկադրել` որպեսզի կարողանան մեզ կառավարել իրենց ցանկացած ձևով: Հանրային կյանքի կազմակերպման այդ եղանակին պատմական հանգամանքների բերումով անպատրաստ մեր ժողովրդին դնելով «սահմանադրական զարգացման ուղու» վրա` մենք միայն վնասներ ու կորուստներ ենք ունենում: Ընտրությունները, որ ի սկզբանե չէին կարող արդար լինել (տես՝ http://www.ejournal.am/news/internal-affairs/2012-02-19/639/ ), քաղաքական կրքերը մարելու փոխարեն պատճառ են դառնում քաղաքական ավելի սուր հակադրության: Իշխանության ձևավորման այդ մեխանիզմը ոչ միայն չի արդարացնում իրեն, այլև պատճառ է դառնում ներքին բախումների: Ուստի միշտ ունենում ենք լեգիտիմության բարդույթ ունեցող և զայրացած իշխանություն, փոշիացած ընդդիմություն և բևեռացված, բարոյալքված, հուսախաբված ժողովուրդ, ինչը խթանում է կապիտալի արտահոսքը, շարունակվող արտագաղթը` սպառնալով երկրի առանց այդ էլ նվազած մարդկային ռեսուրսին:
Ամեն անգամ, իմանալով հանդերձ, որ հենց այս ավարտն է գրանցվելու, մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը, համառորեն չցանկանալով դաս առնել սեփական պատմությունից, նորեն ու նորեն հանրությանն առաջնորդում են ոչ մի տեղ չտանող ճանապարհով: Եվ ապա փառահեղորեն հայտարարում են. «Մենք հասանք մեր գերագույն նպատակին` իշխանություններին դարձրինք ոչ լեգիտիմ»: Է, հետո՞: Իսկ ի՞նչ շահեցին այդ պայքարից ժողովուրդը, պետությունը: Ամեն անգամ շահածը լինում է այն, որ ավելի են խարխլվում մեր պետության առանց այդ էլ խախուտ հիմքերը, ոստիկանները դառնում են ավելի ու ավելի անբռնազբոս սեփական հայրենակիցների հանդեպ, դատարանները մեռնում են մարդկանց աչքերի առաջ և պատկերացումներում, իշխանությունները հարկադրաբար սերտաճում են անցանկալի տարրերի հետ:
Ենթադրենք, մենք աշխարհաքաղաքական մեծ շահեր ունեցող երկիր ենք ու մոլորակի մի հատվածում ուզում ենք, որ մեր օգտին իրադարձություններ զարգանան: Ի՞նչ կանեինք նման դեպքում: Անշուշտ, կջանայինք, որ այդ տարածաշրջանի երկրները լինեին թույլ, ներքին հակադրութուններով լի, ժողովուրդը` վհատված, հասարակական շերտերը` միմյանց նկատմամբ ատելությամբ լցված: Ամեն ինչ կանեինք, որ ընտրությունները հանկարծ նորմալ չանցնեին, այլապես հանրության վստահության քվեն ունեցող, ժողովրդի սերը վայելող իշխանությունները կլինեին պակաս խոցելի, և չէինք կարողանա անցկացնել մեր պայմանները:
Ընթերցողը, հուսով եմ, արդեն հասկացավ, թե ինչու են եվրոպացի դիտորդներն իրենց զեկույցները կազմում այնպես, որ միմյանց դեմ պայքարող բևեռներից երկուսն էլ կառչելու տեղ ունենան զեկույցի դրույթներից: Իսկ դա նշանակում է թույլ չտալ, որ լարվածությունը հանկարծ մարի:
Ընթերցողը, հուսով եմ, նաև հասկացավ, թե ինչու եվրոպացի դիտորդների համար մեր ընտրությունները զեկույցներում համապատասխանում են իրենց չափանիշներին, բայց երբ մտերմիկ զրույցի ժամանակ նրանց հարցնում են. «Ի՞նչ կանեիք, եթե ձեր երկրում նման ընտրություններ լինեին», պատասխանում են. «Անմիջապես կհեղեղեինք փողոցները»: Փաստորեն եվրոպացի դիտորդներն անում են ամեն ինչ, որպեսզի միջազգային կառույցներին տրվի հնարավորություն` հարկ եղած դեպքում նեղը գցել հայաստանյան իշխանություններին:
Իսկ մենք, որ սիրում ենք մեզ համարել իմաստուն ու խելացի ժողովուրդ, ողջ հանրությունով «սիրահոժար» աջակցում ենք նրանց և տրվելով օտարի խաղերին` թուլացնում մեր երկիրը` ահա արդեն քսան տարի:
Տարիներ առաջ ընդդիմության առաջնորդներից մեկին հեռուստաեթերում հարցրի. «Ընտրություններից առաջ գիտեի՞ք, որ հաջողություն չեք ունենալու»: Տեսնել էր պետք նրա աչքերի գույնը: Եթե ասեր` գիտեի, հետևելու էր հաջորդ հարցը. «Այդ դեպքում մարդկանց ինչու՞ տարաք պարիսպների տակ ջարդելու»: Եթե պատասխաներ` չգիտեի, հետևելու էր ոչ պակաս դժվար հարց. «Իսկ ինչու՞ չգիտեիք»:
Համարենք, որ նույն հարցն ուղղեցի ներկա ընդդիմության առաջնորդներին, և սպասենք պատասխանի:
Հ.Գ. Իսկ ո՞րն է ելքը,- անշուշտ կհարցնի ընթերցողը:
Արդեն մեկ անգամ ասել եմ՝ Ելքը բարդ է ու բազմաքայլ: Առաջին քայլը հետևյալն է՝ չգնալ ոչ մի տեղ չտանող ճանապարհով:









































