ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատել է էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, որ մարտի 15-ին Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ, վերջին նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Պուտինի հետ:
Վ. Սողոմոնյանն ասել է նաև, որ մարտի 15-ին Մոսկվայի Սպիտակ տանը կայացել է Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի տետ ա տետ հանդիպումը։ Նա հավելել է, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե հանդիպմանը քննարկվել է Հայաստանի նախընտրական իրավիճակը, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ հանդիպման մասին լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել, թե բավական երկար տևած հանդիպմանը քննարկվել են Հայաստանում նախընտրական իրավիճակին վերաբերող հարցեր, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային ներկա փուլը, Հարավային Կովկասում առկա մի շարք խնդիրներ։











































