Հասկանալու համար՝ ի՞նչ նկատի ունեն ԲՀԿ-ում՝ ասելով, որ կուսակցության նախընտրական ծրագրի հիմքը «ցենտրիստական» գաղափարախոսությունն է, և որ այդ ծրագիրը սոցիալիզմի ու լիբերալիզմի լավագույն դրույթների մեկտեղումն է, նախ պետք է հասկանալ՝ ինչ նկատի ունեն նրանք լիբերալիզմ ու սոցիալիզմ ասելով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետ Մանվել Սարգսյանը:
«Աշխարհում ընդունված են պետության երկու ձևեր՝ լիբերալ-դեմոկրատականը և սոցիալ-դեմոկրատականը: Հայաստանում մեկ-մեկ խոսում են ծայրահեղ լիբերալիզմի մասին: Բայց ի՞նչ կապ ունի դա իրականության հետ, երբ մեր երկրում տնտեսությունը մոնոպոլիզացված է: Լիբերալիզմն ընդհանրապես սկսվում է ազատ մրցակցությունից և հավասար պայմաններից, ինչը Հայաստանում գոյություն չունի»,- ասաց փորձագետը:
Նշենք, որ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը նախօրեին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԲՀԿ-ն փոխվել է` կառավարման ոլորտում 5 տարվա փորձառությունից ելնելով: ԲՀԿ քաղխորհրդի անդամը նաև ասել էր, որ լրացվել և վերամշակվել է կուսակցության նախընտրական ծրագիրը, որի հիմքը ցենտրիստական գաղափարախոսությունն է:
«Այն սոցիալիզմի և լիբերալիզմի լավագույն դրույթների մեկտեղումն է»,- ընդգծել էր նա:











































