Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը քննադատել է ահաբեկչության համար Վլադիսլավ Կովալյովի նկատմամբ մահապատիժ կիրառելու փաստը և Բելառուսին կոչ արել մորատորիում սահմանել մահապատիժների կիրառման վրա, իսկ հետագայում ընդհանրապես այն վերացնել:
Կովալյովի նկատմամբ մահապատիժ իրականացնելու որոշման մասին լրագրողներին հայտնել է նրա մայրը` Լյուբով Կովալյովան: Մի շարք բելառուսական համացանցային ռեսուրսներ հայտնել են, որ մահապատիժ է իրականացվում նաև ահաբեկչություն կատարած Դմիտրի Կոնովալովի նկատմամբ: Լրատվամիջոցները հղում են կատարում անանուն աղբյուրի, սակայն պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել:
Մինսկում ահաբեկչությունը տեղի է ունեցել 2011թ.-ի ապրիլի 11- ին, ինչի արդյունքում 15 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 200-ը` վիրավորվել: Ըստ դատարանի տեղեկությունների` ռումբը պատրաստել և մետրո է բերել Դմիտրի Կոնովալովը, իսկ Կովալյովն իմացել է ահաբեկչության մասին, սակայն ոստիկանությանը չի հայտնել:
Կովալյովը ներման հայտ էր ներկայացրել, իսկ Կոնովալովը` ոչ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաներում չի շնորհել` դա պատճառաբանելով հասարակության նկատմամբ գործած հանցանքի մեծությամբ:









































