ԱՄՆ-ը կարող է վերանայել Հյուսիսային Կորեային պարենի օգնություն տրամադրելու ծրագրերը՝ կապված բալիստիկ հրթիռ արձակելու Փհենյանի հայտարարությունների հետ, որը արբանյակը դուրս կբերի ուղեծիր:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Պետդեպը նշել է, որ այդ մտադրությունները կասկածի տակ են դնում Հյուսիսային Կորեայի՝ հրթիռային միջուկային փորձարկումները դադարեցնելու վերաբերյալ անցյալ ամիս կնքված համաձայնագրին հավատարմությունը:
Հիշեցնենք, որ օրերս Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ երկրի առաջին նախագահ «ազգի հայր» Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ պատրաստվում է հրթիռ արձակել:
Ավելի վաղ այդ կապակցությամբ իրենց անհանգստությունն էին հայտնել Սեուլը, Մոսկվան, Տոկիոն և անգամ Պեկինը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նույնպես կոչ է արել հրաժարվել հրթիռ արձակելու ծրագրից:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ռոբերտ Քինգը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեային կտրամադրվի 240 հազար տոննա պարենմթերք՝ նախատեսված հղի կանանց և երեխաների համար:









































