«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան, ով գտնվում է ասիական ու մերձավորարևելյան երկրներում շրջագայության մեջ, երեկ Աբու Դաբիում հայտարարել է Իրանի կողմից միջուկային զենքի տիրապետումը թույլ չտալու հարցում միջազգային հանրության միասնության մասին.
«Իրանի դեմ սահմանված միջազգային կոշտ պատժամիջոցներն արդեն իսկ սկսել են տալ իրենց պտուղները: Դրանք բացասականորեն են ազդում Իրանի տնտեսության և մասնավորապես նրա էներգետիկ ոլորտի վրա:
Վաշինգտոնը հավատում է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է կարգավորվել դիվանագիտական ճանապարհով: Իսրայելը դեռ որոշում չի ընդունել Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարված հասցնելու վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պանետան հայտարարել էր, թե Իրանի դեմ հարվածը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:









































