Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին երեկ ձերբակալվել է Վաշինգտոնում Սուդանի դեսպանատան դիմաց անցկացված բողոքի ակցիայի ժամանակ: Մի քանի ժամ անց նրան ազատ են արձակել: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները` հավելելով, որ Քլունին ստիպված է եղել 100 դոլար տուգանք մուծել` հանրային կարգը խախտելու համար:
Քլունիի գործողություններին աջակցել է նաև ԱՄՆ պետքարտուղարությունը, որը կիսել է հայտնի դերասանի մտահոգությունները Սուդանում տիրող իրավիճակի կապակցությամբ: Սակայն այս հանգամանքը չի փրկել Քլունիին ձերբակալումից: Ոստիկանությունից դուրս գալուց հետո Քլունին հայտարարել է, որ սա իր կյանքի առաջին ձերբակալությունն է. «Հուսով եմ` նաև վերջինը»:
Բողոքի ակցիան կազմակերպվել էր աֆրիկյան այդ պետության դեսպանատան դիմաց` բարձրաձայնելու համար Հարավային Սուդանի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին, ինչի հետևանքով փակվել են դեպի Հարավային Սուդան տանող ճանապարհները և դժվարացել սննդի մատակարարումը նորանկախ այդ պետություն:
Ակցիայի մասնակիցները ի նշան բողոքի փակել էին Սուդանի դեսպանատուն տանող ճանապարհը, թեպետ ոստիկանությունը զգուշացրել էր նման գործողությունների անթույլատրելիության մասին:
Ձերբակալվածների մեջ են եղել նաև նրա հայրը` Նիք Քլունին, իրավապաշտպան Մարտին Լյութեր Քինգ 3-րդը, ինչպես նաև «Գունավոր բնակչության առաջընթացի ազգային ասոցիացիայի» ղեկավարը և Կոնգրեսի մի քանի անդամներ:







































