Վատիկանն ասում է, որ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը Կուբայում կհանդիպի Ֆիդել Կաստրոյի հետ, եթե վերջինս հանդիպում խնդրի:
Associated Press-ը հաղորդում է, որ Կաստրոն 1998 թվականին ընդունել էր Հռոմի Պապ Ջոն Պոլ 2-րդին, բայց 85-ամյա կուբացի առաջնորդն առողջական խնդիրների պատճառով վերջին ամիսների ընթացքում չի երևում հանրության մեջ: Վերջին անգամ նա մարտի 2-ին հանդիպել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ, և հանրությունը հնարավորություն է ունեցել տեսնելու միայն այդ հանդիպման լուսանկարները:
Այն հարցին, թե արդյո՞ք Պապը կհանդիպի Կաստրոյի հետ, Վատիկանի խոսնակն ասել է, որ Բենեդիկտոս 16-րդը հասանելի կլինի, եթե Կաստրոն ցանկանա հանդիպել: Հռոմի Պապը Մեքսիկայից Կուբա կժամանի մարտի 26-ին:









































