ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ելույթ ունեցավ ԵՄ երկրների սպորտի նախարարների համագումարում: Նա ցանկացավ հավաքվածների ուշադրությունը սևեռել ֆինանսական «արդար խաղի» կանոնների վրա` ընդգծելով Եվրոպական ակումբների վարած ֆինանսական ռիսկային քաղաքականությունը: Նախագահը հիշեցրեց, որ միայն 2010 թվականին Եվրոպական ակումբներն ունեցել են 1.6 մլրդ Եվրոյի կորուստ:
«Այս թվերն ապացուցում են համակարգի թուլությունը, որի հետևանքով մի շարք ակումբներ վերածվել են խոշոր խաղատների: Պետք է ստեղծվեն ֆինանսական շուկայի նոր կանոններ և բոլորը հետևեն ֆինանսական «արդար Խաղի» կանոններին:
Կա սահման, որը չի կարելի գերազանցել: Հետևե՛ք ֆինանսական արդար խաղի կանոններին և փոխե՛ք ձեր ֆինանսական ռիսկային քաղաքականությունը»,- Միշել Պլատինիի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































