Նուշիկյան ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը, ով պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պատգամավոր ընտրվելու դեպքում ինքը ԱԺ-ում Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր է առաջարկելու:
«Երբ ժամանակը գա, մենք կներկայացնենք մեր բոլոր ծրագրերը՝ հարկային ու մաքսային ոլորտներում բարեփոխումների, փոքր ու միջին բիզնես զարգացման, ինչպես նաև կրթությանը ոլորտի առողջացման վերաբերյալ»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպիսի՞ մրցապայքար է ակնկալում Երևանի թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Խաչատուր Սուքիասյանի հետ, Գարեգին Նուշիկյանը պատասխանեց. «Շատ նորմալ ընտրապայքար եմ ակնկալում: Ինչպես հայտնի է, նույն ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու նաև Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը: Վաղը, կարող է, ուրիշ մարդ էլ առաջադևվել` բոլորին էլ նորմալ եմ վերաբերում: Թիվ 10-ում այլընտրանք կա և կցանկանամ, որ բոլոր տեղերում էլ այլընտրանք ու առողջ մրցակցություն լինի»,- ասաց Գարեգին Նուշիկյանը:
Նշենք, որ Գ. Նուշիկյանն անկուսակցական է, սակայն այդ տարածքում առաջադրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից:









































