Ռուսաստանը 2 մլն դոլար է հատկացրել Կոսովոյի ուղղափառ եկեղեցիները վերականգնելու համար, որոնք ոչնչացվել էին ալբանացի ծայրահեղականների կողմից: Այս մասին հայտնել է Interfax-ը` հղում անելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Տաճարների վերականգնումը պետք է իրականացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Լավրովի և Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչի հետ բանակցությունների ընթացքում ստորագրվել է նաև արձանագրություն, ըստ որի` Ռուսաստանը պետք է մասնակցի Բելգրադում Սուրբ Սավայի տաճարի ներքին հարդարման աշխատանքներին:
«Արձանագրությունը դիտարկում ենք որպես Ռուսաստանի և Սերբիայի ժողովուրդների միջև հոգևոր կապի ամրության հաստատում և պատրաստակամություն` հարաբերությունները զարգացնել տարբեր ոլորտներում»,- հայտարարել է Լավրովը:
Voinik կայքի տվյալով` ՆԱՏՕ-ի ավիացիայի հարվածների և ալբանացի գրոհայինների հարձակումների հետևանքով Կոսովոյում վերջին տարիներին ավերվել է 107-ից ավելի ուղղափառ եկեղեցիներ:









































