Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ՀՀ ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Կառավարության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ըստ հաստատված օրակարգի` ՀՀ ԱՎԶՀ գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հիմնադրամի 2011 թ. ֆինանսատնտեսական գործունեության և ֆինանսական հաշվետվությունները։ Նա զեկուցել է հաշվետու տարում ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացման մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել Երևանի անտառտնտեսության Էրեբունիի անտառպետության 51 հա տարածքում ոռոգման համակարգի ստեղծման և անտառապատման աշխատանքների ծրագրի առաջին փուլի արդյունքներին (2011թ. ավարտվել են 20 հա տարածքի անտառապատման աշխատանքները. անցկացվել է ջրագիծ, կառուցվել է ոռոգման ցանց, տարածքը ցանկապատվել է): Տեղեկացվել է, որ ամբողջությամբ ավարտված են ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շրջակայքում անտառվերականգնման համալիր ծրագրով 25 հա տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատանքները:
Քննարկվել է նաև հիմնադրամի 2011 թ. ֆինանսական հաշվետվությունը ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ: Ներկայացված հաշվետվությունները հաստատվել են հոգաբարձուների խորհրդի կողմից:
Հիմնադրամի 2012 թ. անելիքների համատեքստում Վլադիմիր Մովսիսյանը խոսել է վերոնշյալ ծրագրի երկրորդ փուլով նախատեսված միջոցառումների մասին, որոնց շրջանակում այս տարում նախատեսվում է անտառապատել Էրեբունու անտառպետության մնացած 31 հա տարածքը և ծրագիրն ավարտել ամբողջությամբ:
Նիստում հաստատվել են նաև ՀՀ ԱՎԶՀ 2012 թ. հաստիքացուցակն ու գործադիր մարմնի պահպանման ապարատի ծախսերի նախահաշիվը:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է գրավոր ներկայացնել հնչեցված հարցադրումները:











































