Հայտնի The Economist ամսագիրն այսօր, անդրադառնալով հայ-թուրքական բարեկամության՝ Կարսում կանգնեցված հուշարձանի հետ կապված պատմությանը, Էրդողանի հայտարարություններին և «գործի» հետ կապված անձանց արձագանքներին, գրում է, որ Թուրքիայի վարչապետի հայտարարություններից իսլամական ուղղափառության «հոտ է գալիս»:
Ամսագիրը հիշեցնում է, որ Էրդողանի հայտարարության մեջ կար մի նախադասություն, որը վերաբերում էր միջնադարյան մուսուլման գիտնական Հասան Հարաքանիին, որը թաղված է հուշարձանի կողքին. «Նրանք կանգնեցրել են տարօրինակ մի բան դամբարանի կողքին… դա անհավատալի է»,- ասել է Էրդողանը: Ամսագիրը գրում է, որ իսլամական աշխարհում շատ մուսուլման գիտնականների արձանները երկրպագության վայրեր են: Պատահական չէ, որ, օրինակ, Անկարայի քաղաքապետը սկսել է ապամոնտաժել բոլոր արձանները, որոնք կանգնեցվել էին գործող կառավարությանը նախորդած աշխարհիկ կառավարությունների կողմից:
Ամսագիրը հիշեցնում է նաև արձանի հեղինակ Մեհմեժ Աքսոյի խոսքերը, որը Էրդողանին համեմատել էր Աֆղանստանում Բուդդայի արձանը ոչնչացրած «Թալիբանի» հետ, ինչպես նաև Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը, որն իր աջակցությունն է հայտնել Էրդողանին` ասելով, որ Աքսոյի կառուցած հուշարձանը սելջուկյան, օսմանական և ռուսական բնութագիր է տալիս քաղաքին: Ամսագիրը նշում է, որ Կարսում ներկայումս ջնջվում են այս քաղաքում հայերի գոյության փաստերը՝ օրինակ բերելով միջնադարյան մի հայկական եկեղեցի, որը վերջերս վերածվել է մզկիթի:







































