Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը լրագրողի վառ երևակայության արդյունք է որակում այն տեղեկատվությունը, որ ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու գործում իր համար միջնորդում են ռուսական դեսպանատունը և այլ ռուսական կառույցներ: Նման տեսակետ Հովհաննիսյանը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Ես որևէ մեկի միջնորդության կարիքը չունեմ: Հմայակ Հովհաննիսյանը մարդ է, ով վայելում էր երկիրը 14 տարի ղեկավարած Կարեն Դեմիրճյանի, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի բացարձակ վստահությունը: Ժողովուրդն ինձ ճանաչում է իբև ինքնուրույն մտածող մարդու: Ոչ ոք իրավունք չունի հավակնել իր վրա պատասխանատվություն վերցնել՝ միջնորդելու կամ երաշխավորելու ինձ համար: Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ապա նրան արժևորում եմ որպես ինքնուրույն կողմնորոշվող և որևէ մեկի կողմից հուշումների ու ակնարկների կարիք չունեցող անհատականության»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Նշենք, որ ըստ հայաստանյան պարբերականներից մեկի հրապարակման՝ Հմայակ Հովհաննիսյանին ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու հարցում Գագիկ Ծառուկյանը դեռ չի կողմնորոշվել: «Ինչպես հայտնի է, Հմայակի համար միջնորդում են ռուսական դեսպանատունը և այլ ռուսական կառույցներ, բայց նրա հետագա գործունեության համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում»,- գրում է թերթը:









































