Լեյբորիստական կուսակցությունից բրիտանացի խորհրդարանական Ֆալկիրկ Էրիկ Ջոյսը, որը սկանդալային կռիվ էր հրահրել Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատին կից բարում, լքել է իր կուսակցության շարքերը: Նրա խոսքով` ինքն ունի «անձնական խնդիրներ, որոնցով պետք է զբաղվի»: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Ներկայացնելով հրաժարականի դիմումը` լեյբորիստը ներողություն է խնդրել նրանցից, ում վրա հարձակվել է, ապա շնորհակալություն է հայտնել ականատեսներին ցուցաբերած «արժանի հարգանքի» համար: Բանակի նախկին մայորը ներողություն է խնդրել նաև ոստիկաններից ու բոլոր նրանցից, ում վիրավորել է իր վարքագծով: Ինչպես նկատել է լեյբորիստը, իր արարքը «հարիր չէ բրիտանական խորհրդարանի պատգամավորին»:
Նրա մասնակցությամբ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 22-ին The Strangers բարում, որտեղ մուտքը թույլատրվում է միայն խորհրդարանականների ու նրանց հյուրերի համար: Այն փակվելուց առաջ 51-ամյա լեյբորիստը հայտարարել էր, որ «հաստատությունը լի է պահպանողականներով» ու հարձակվել էր վերոնշյալ կուսակցությունից Ստյուարտ Էնդրյուի վրա ու գլխով հարվածել պահպանողական պատգամավորին: Նա հարվածներ էր հասցրել նաև այլ անձանց: Կռիվ է ծագել նաև լեյբորիստի ընկերների ու պահպանողականների միջև : Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են Ջոյսին ու տարել մոտակա ոստիկանության բաժին, որտեղ էլ կատաղության նոպայի մեջ նա կոտրել է ապակիներից մեկը:
Անցած շաբաթ Վեսթմինսթերյան դատարանը նրան տուգանեց 3 հազար ֆունտ սթեռլինգով ու պարտադրեց տուժողներին վճարել 1.4 հազարական ֆունտ սթեռլինգ:









































