«Եվրամիությունը կորցնում է ժողովրդավարությունը, երբ «լոկոմոտիվ» երկրները թելադրում են ֆինանսատնտեսական քաղաքականությունը, որի հետ ստիպված են համաձայնել ԵՄ մյուս անդամները»,– կարծում է եվրոպական ընդհանուր շուկայի և եվրոյի ներմուծման նախաձեռնողներից մեկը՝ Եվրահանձնաժողովի նախկին նախագահ 86-ամյա Ժակ Դելորը:
«Բոլորը, բացի եվրոյից, ըստ էության, անտեսվում են այն ժամանակ, երբ Գերմանիան ԵՄ-ում իշխանություն է վերցրել, իսկ Ֆրանսիան փորձում է Գերմանիայի հետ ոտք մեկնել»,- տնտեսագիտության հարցերում անվանի փորձագետի խոսքերն է մեջբերում EUobserver-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վերջին վեց ամիսների ընթացքում սահմանել են եվրոգոտու և ԵՄ տնտեսական գերակայությունները, ինչի պատճառով եվրոպական ԶԼՄ-ները նրանց «Մերկոզի» են անվանել:
Մերկելը և Սարկոզին մասնավորապես նախաձեռնել են ԵՄ բյուջեի կայունության պայմանագրի` այսպես կոչված «բյուջետային պակտի» ստորագրումը: Պայմանագիրը, որն ուղղված է ավելի խիստ ֆինանսական կարգուկանոնի և պարտքի ճգնաժամը հաղթահարելուն, կնքվել է մարտի երկուսին՝ Բրյուսելում՝ ԵՄ 27 երկրներից 25-ի ղեկավարների կողմից:
Այս պայմանագրին չեն միացել Չեխիան և Մեծ Բրիտանիան:
Պրահայի և Լոնդոնի կարծիքով՝ պայմանագիրը մասնակիորեն ԵՄ անդամներին զրկում է բյուջետային քաղաքականության ինքնիշխանությունից:
Դելորն արդեն բազմիցս քննադատել է ԵՄ ինստիտուտներին այն ձախողումների համար, որոնք տեղի են ունեցել միասնական արժույթի նախագծի իրականացման ընթացքում:
Եվրահանձնաժողովի նախկին ղեկավարի կարծիքով՝ 1999 թվականին եվրոյի ներդրման որոշումը շուտափույթ է ընդունվել:








































