ԱՄՆ-ում վախճանվել է ամերիկացի հայտնի քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Շերվուդ Ռոուլանդը: Գիտնականը մահացել է մարտի 10-ին իր տանը 84 տարեկան հասակում: Ինչպես հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը, նա տառապել է Պարկինսոնի հիվանդությամբ:
1995 թ. նա մեքսիկացի քիմիկոս Մարիո Մոլինայի և հոլանդացի Պաուլ Կրուտցենի հետ քիմիայի ոլորտում արժանացավ Նոբելյան մրցանակի` օզոնային շերտին ու դրա քայքայման խնդիրներն նվիրված հետազոտության համար:
Նա մրցանակ ստացավ իր գիտական աշխատության հրապարակումից 20 տարի անց: Գիտնականն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե մարդը շարունակի նույն տեմպերով օգտագործել աերոզոլ և այլ քիմիական արտադրանքներ, ապա մի քանի տասնամյակ անց օզոնային շերտը կքայքայվի: Ի սկզբանե աշխատանքի հանդեպ թերահավատություն կար, սակայն ավելի ուշ Շերվուդ Ռոուլանդը ստացավ համաշխարհային ճանաչում:
Գիտնականի աշխատության շնորհիվ որոշակի միջոցառումներ իրականացվեցին ստրատոսֆերայում օզոնային շերտի պահպանության ուղղությամբ: 1985 թ. ստորագրվեց Վիեննայի կոնվենցիան օզոնային շերտի պահպանման մասին:









































