Լրագրող Զոհրաբ Հարոյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Երբեմն զարմանում եմ. բանակի խնդիրների մասին խոսում են, կռվում, պայքարում են մարդիկ, որոնք կամ Հայկական բանակում չեն ծառայել, կամ ընդհանրապես չեն ծառայել: Խնդիրն այն չէ, որ կարծիք հայտնելու համար մարդիկ պետք է ինչ-որ բան վաստակեն: Ամենևին ոչ: Խնդիրն այն է, որ հայկական բանակի խնդիրները հասկանալու համար պետք է պարզապես իմանալ, տիրապետել, անցնել դրա միջով: Ընդհանրապես չծառայած մարդը դժվար կարողանա պատկերացնել, թե ինչ է ծառայությունը, իսկ խորհրդային բանակում ծառայած մարդու համար նոր ու անցած դարի բանակի տարբերություններն այնքան մեծ են, որ գրեթե նույն բանն է, ինչ չծառայած մարդունը: Բայց խնդիրը վեր հանողներին ու չհանողներին չի վերաբերում:
Եվ այսպես: Հասկանալու համար, թե որտեղից են գալիս բանակում տեղի ունեցող միջադեպերը, պետք է պատկերացնել բանակի կառուցվածքն ու միջադեպեր ծնող իրողությունները: Այսպես ասած, այս ամենի արմատները:
Իրականում բանակը կառավարման մի քանի շերտ ունի.
ա/ Կանոնակարգեր, օրենքներ, կառավարության որոշումներ և այլն
բ/ Հրամաններ
գ/ Ներքին ինքնակազմակերպում
Առաջին շերտը, մեղմ ասած, այնքան էլ կատարյալ չէ: Կանոնակարգերը հնացած են՝ խորհրդային միության կանոնակարգերն են ու չեն համապատասխանում ժամանակակից բանակի չափանիշներին: Դրանք թարգմանված են խորհրդային միության բանակի նմանատիպ կանոնակարգերից: Իմ ծառայության ժամանակ, օրինակ, ներքին կանոնագրքում ամենայն մանրամասնությամբ նկարագրված էին օրապահի պարտականությունները, որի մեջ ամենայն մանրամասնությամբ նկարագրված էր, թե ինչպես պետք է օրապահը հետևի փայտի վառարանին: Եթե չեմ սխալվում, մեր բանակում չկա նման զորամաս, որտեղ փայտի վառարանով է ջեռուցումը: Գուցե ես սխալվում եմ, բայց սա միակ օրինակը չէ:
Հրամաններն ու դրանց կատարողները: Պարզ տրամաբանությունը հուշում է՝ բ շերտը պետք է բխի ա շերտից՝ այսինքն հրաման տվողը պետք է առաջնորդվի բացառապես կանոնագրքերից ու օրենքներից, բայց հաճախ տպավորություն է ստեղծվում, որ հրաման արձակողները իրականում չեն տիրապետում կանոնագրքերին ու օրենքներին, կամ պարզապես ձեռք չի տալիս տիրապետել այդ կանոնագրքերին: Հիերարխիայի վերին հատվածում հրամանները ավելի ճիշտ ու արագ են կատարվում, քան ներքին օղակներում: Օրինակ, եթե գնդի հրամանատարը հրամայում է իր դաստիարակչական գծով տեղակալին այս շաբաթ ոչ մի արձակում չտալ որևէ զինվորի, ապա ԴԱԳ տեղակալը անվերապահորեն կատարում է այդ հրամանը, իսկ եթե սերժանտը
«հրամայում» է զինվորին չլքել վաշտի տարածքը, ապա զինվորը 99.9 տոկոսով կլքի:
Ընդհանրապես բանակում ամենաներքին շերտը լղոզված է՝ այսինքն կարևոր չէ, թե դու ինչ ես կրում քո ուսերին՝ կրտսեր սերժանտ ես, սերժանտ ես, ավագ սերժանտ, թե ավագ: Այստեղ կարևոր է, թե որքան լավ տղա ես դու: Առանձին դեպքերում այսպիսի հարաբերությունների մեջ են մտնում նաև սպաները զինվորների հետ: Իրականում այս շերտը փակ, անհասանելի է բոլոր տիպի սպաների համար: Հենց այս հատվածի օրենքներով ու կանոններով են տեղի ունենում բանակի հիմնական միջադեպերը:











































