Այսօր The Washington Post թերթում հրապարակած հոդվածում ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը կարծիք է հայտնել, որ Վլադիմիր Պուտինի հաղթանակը Ռուսաստանի նախագահական ընտրություններում կարող է վերջինը լինել թե՛ նրա և թե՛ պուտինիզմի համար:
«Պուտինը հասավ իր նպատակին` փոխարինելով իր հովանավորյալ Դմիտրի Մեդվեդևին և Կրեմլում զբաղեցնելով նախկին պաշտոնը, որպեսզի ամրապնդի ավտորիտարիզմը և խորացնի քաղաքական լճացումը»,- ասել է Ռայսը` անդրադառնալով ՌԴ-ում կայացած ընտրություններին:
Ռայսի կարծիքով` Ռուսաստանի ապագան կախված է այն վարքագծից, որ կդրսևորի միջին դասը, որն աշխարհի բաղկացուցիչ մասն է, և որը դժգոհ է այն քաղաքական խաղերից, որոնք վերջին տարիների ընթացքում բնորոշ են Կրեմլին:
Նա գրում է, որ Ռուսաստանի միջին դասը սովորում է Եվրոպայի և ԱՄՆ բարձր վարկանիշ ունեցող կրթական հաստատություններում, գաղափարներ է փոխանակում համացանցում և չի դիտում Կրեմլի բարձրախոսը դարձած ռուսական հեռուստատեսություն` հավելելով, որ միջին դասը սովորել է նորմալ կյանքին և այժմ բացարձակ այլ սպասումներ ունի իր ապագային վերաբերող հարցերում:
Նախկին պետքարտուղարը հոդվածի վերջում նշում է` Պուտինը, որն իր լեգիտիմությունը կառուցել է կայունության և կարգապահության վրա, թվում է` չի հասկացել, որ աճող միջին դասը կպահանջի նաև հարգանք իր նկատմամբ:











































