Օսլոյի դատարանը որոշում է կայացրել զանգվածային սպանությունների մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկի դատավարությունը ցուցադրել ուղիղ եթերում: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Դատավարության ցուցադրության իրավունքը ստացել է NRK նորվեգական համապետական ալիքը: Նշվում է, որ եթերը կլինի զգալի սահմանափակումներով: Մասնավորապես, չեն ցուցադրվի Բրեյվիկի և վկաների ցուցմունք տալու դրվագները, իսկ մեղադրական և պաշտպանական կողմի ելույթները կտրվեն առանց սահմանափակումների:
Օսլոյի դատարանը նաև որոշել է, որ դատավարության ողջ ձայնագրությունը հանրությանը հասանելի կդառնա ոչ շուտ, քան 25 տարի հետո: Դատական նիստերը սկսվելու են ապրիլի 16-ից:
Հիշեցնենք, որ 2011թ.-ի հուլիսի 22-ին Բրեյվիկն իրականացրել էր երկու ահաբեկչական ակտ` պայթյուն Օսլոյի կենտրոնում` կառավարական շենքերի մերձակայքում, որից հետո գնդակահարել էր Ութոյա կղզում հավաքված երիտասարդական քաղաքական ճամբարի մասնակիցներին, որի հետևանքով զոհվել էր 69 մարդ:











































