ԱՄՆ պաշտոնյաները հայտնում են, որ Սիրիայի բանաձևի վերաբերյալ նախագահ Բարաք Օբամայի վարաչակազմի հույսերն այսօր ավելի են նվազել, քանի որ Ռուսաստանը շարունակել է պնդել, որ Սիրիայի կառավարության վերաբերյալ բանաձևը ճիշտ չի արտահայտում երկրում տիրող իրավիճակը:
Associated press-ը գրում է, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և ևս մեկ անգամ կխոսի նրա հետ երկուշաբթի օրը՝ ՄԱԿ-ում կայանալիք հանդիպման ժամանակ:
Քլինթոնը լրագրողներին ասել է, որ ինքը պատրաստվում է Լավրովի հետ խոսել այն մասին, որ Ամերիկան հույս ունի, թե Ռուսաստանը կառուցողական դեր կկատարի Սիրիայում արյունահեղության դադարեցման և իրավիճակի ոչ ռազմական ճանապարհով կարգավորման գործում:
Պետքարտուղարն ավելացրել է, որ իրենք կշարունակեն միջազգային հանրությանը կոչ անել գործել, մարդասիրական օգնություն տրամադրել, այնուհետև աշխատել Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու ուղղությամբ և ձևավորել մի ղեկավարություն, որը կհարգի Սիրիայի բնակչության իրավունքներն ու արժանապատվությունը:








































