Շուշան Պետրոսյանը հետաքրքիր շտրիխ կբերի խորհրդարան: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը`խոսելով երգչուհի Շուշան Պետրոսյանի հայտնած այն մտքի շուրջ, թե կընդունի գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ՀՀԿ հրավերը:
Ըստ Ա. Դավթյանի` եթե նման ցանկություն կա, նշանակում է, որ նա տեսնում է իր տեղը խորհրդարանում, իր անելիքն է տեսնում և պատկերացնում, ինչի առկայության պարագայում խորհրդարանի աշխատանքում ինչ-որ հետաքրքիր շտրիխ կավելանա:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե պատգամավորը հնարավոր համարում է դա, պատասխանեց, որ կան ճշմարտություններ, որոնք ժամանակ առ ժամանակ արժե վերհիշել: «Այդ ճշմարտություններից մեկն ասում է. «Ոչինչ պետք չէ բացառել կամ երբեք մի ասա երբեք»: Ոչինչ պետք չէ բացառել այն դեպքում, երբ ըստ Ընտրական օրենսգրքի՝ թեկնածուների առավելագույն քանակը 90 համամասնական և 270 մեծամասնական են: Եթե դրան գումարենք նաև այն պահանջը, որ սեռերից որևիցե մեկը չի կարող ավելին, քան 80% ներկայացված լինել, պետք չէ բացառել»,- մեկնաբանեց Արտակ Դավթյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչուհի Շուշան Պետրոսյանն ասել է, որ կընդունի ՀՀԿ հրավերը գալիք ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Նա նաև նշել է, որ պայքարող անձնավորություն է և իրեն տեսնում է ԱԺ-ում:











































