Հայաստանը երբեք չի հետևի Ղազախստանի օրինակին և չի հրաժարվի ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունից. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն հայտարարությանը, թե երկրում ընտրություններ անցկացնելու ընթացքում պաշտոնական Աստանան հետագայում կարող է հրաժարվել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայությունից:
«Հայաստանն այդ ճանապարհով չի գնա, որովհետև Սերժ Սարգսյանն այսօր վայելում է Արևմուտքի լիակատար աջակցությունը, Արևմուտքը նրան կարտ-բլանշ է տվել, փակել է մարտի 1-ի էջը: Արևմուտքն անում է ամեն բան, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա պահպանել իր դիրքերը: Վերջինս իր հերթին բավարարում է Արևմուտքի բոլոր ակնկալիքները՝ դրա դիմաց ստանալով երաշխիքներ՝ մնալ ղեկին: Բացի այդ, Արևմուտքը նախապատրաստվում է Հայաստանում 100 տոկոսանոց արևմտամետ խորհրդարան ձևավորել»,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն հայտարարությունը, որ երկրում ընտրություններ անցկացնելու ընթացքում պաշտոնական Աստանան հետագայում կարող է հրաժարվել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայությունից՝ Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ սա պայմանավորված է այն գնահատականով, որ նույն դիտորդական առաքելությունը տվել էր ՌԴ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին: «Նազարբաևի այս հայտարարությունն իր մեջ Ռուսաստանին համերաշխություն հայտնելու երանգ է պարունակում: Իհարկե, որոշակի տեղաշարժեր են ուրվագծվում Ռուսաստանի և Արևմուտքի փոխհարաբերություններում դեպի ավելի կարծր մոտեցումներ»,- ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սուր քննադատության էր ենթարկել ԵԱՀԿ գործունեությունը և հայտարարել, որ իր երկիրը ընտրություններ անցկացնելու ընթացքում կարող է հրաժարվել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայությունից:
Հիշեցնենք նաև, որ Ղազախստանում հունվարի 15-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, ԵԱՀԿ դիտորդների գնահատականներով, չէին համապատասխանում ժողովրդավարական հիմնարար չափորոշիչներին:








































