Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի աջակցի Իրանին Իսրայելի հարձակման դեպքում: Ինչպես հաղորդում է բրիտանական The Guardian թերթը, համապատասխան հայտարարություն է արել Գազայի հատվածում կազմակերպության ղեկավարության անդամ Սալահ Բարդաուիլը:
«ՀԱՄԱՍ-ը տարծաշրջանում ռազմական դաշինքի մաս չէ: Մեր ռազմավարությունը կայանում է մեր իրավունքների պաշտպանության մեջ»,- ընդգծել է Բարդաուիլը: Նա հավատացրել է, որ իրենք Իսրայելը չեն հրթիռակոծի Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում: Թերթի տվյալներով՝ նման կարծիք է արտահայտել ՀԱՄԱՍ-ի ևս մեկ ներկայացուցիչ, որի անունը և կարգավիճակը չի հաղորդվում:
Պաղեստինյան շարժման կողմից այս հայտարարությունը հնչել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի միջև տարաձայնությունների շուրջ շշուկների ֆոնին: Փորձագետների կարծիքով՝ դրանց պատճառը կողմերի անհամաձայնությունն է Սիրիայի նկատմամբ իրադրության վերաբերյալ: Այն դեպքում, երբ շիական Իրանն աջակցում է Բաշար Ալ-Ասադի վարչակարգին, սուննիական ՀԱՄԱՍ-ը, ընդհակառակը, վերջին շրջանում կարծես թե անցնում է ընդդիմադիրների կողմը:
Թերթի հետ հարցազրույցում Բարդաուիլը հերքել է այն լուրերը, թե տարաձայնությունների պատճառը Սիրիան է, սակայն նշել է, որ տարբեր ուղղությունների պատկանելու պատճառով Իրանի և ՀԱՄԱՍ-ի համագործակցությունը ձևավորվում էր բացառապես «ընդհանուր շահերի» հիմնա վրա: Ընդ որում, նա ասել է, որ պաղեստինյան կազմակերպությունը երբեք «լիարժեք հավատարիմ» չի եղել Թեհրանին:
Իրանի և ՀԱՄԱՍ-ի միջև տարաձայնությունների շուրջ լուրեր տարածվեցին այն բանից հետո, երբ պաղեստինցիները հրաժարվեցին բացահայտորեն իրենց դիրքորոշումը հայտնել Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ: Ադպիսի դիրքորոշումը խիստ նյարդայնացնում էր Դամասկոսին, քանի որ շարժման գրասենյակը գտնվում էր հենց Դամասկոսում: 2011 թ. վերջին ՀԱՄԱՍ-ը որշում ընդիունեց իր գրասենյակը դուրս բերել այնտեղից:
Ասադի վարչակարգին չաջակցելու ՀԱՄԱՍ-ի որոշումը խիստ քննադատության տեղիք տվեց Թեհրանում: Այդ պատճառով,- գրում է Guardian-ը,- Իրանը հրաժարվեց ՀԱՄԱՍ-ին տրամադրել ֆինանսական աջակցություն, որը կազմում էր ամսական 23 մլն դոլար: Այնուամենայնիվ, Բարդաուիլը հրաժարվել է հաստատել այդ իրադարձությունների միջև կապը:
Իրանի վրա հարձակվելու ծրագրերը սկսվել են մշակվել 2011 թ. վերջին ԱԷՄԳ զեկույցից հետո, ըստ որի՝ Թեհրանը միջուկային զենք է մշակում: Երուսաղեմը ակտիվորեն փորձում է իր կողմը գրավել Վաշինգտոնին, սակայն Բարաք Օբաման առայժմ որևէ երաշխիք չի տվել:








































