Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին այսօր եռօրյա այցով մեկնելու է Տաջիկստան: Դա տեղի է ունենալու նախիջևանյան հանդիպումից հետո, ուր նա հանդիպում է իր թուրք և ադրբեջանցի գործընկերներ Ահմեդ Դավութօղլուի և Էլմար Մամեդյարովի հետ:
Սալեհիի այդ այցի նպատակն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից Տաջիկստան այցը նախապատրաստումն է, որը պլանավորված է մարտի 25-ին:
Տաջիկստանում Սալեհին հանդիպումներ կունենա այդ երկրի արտգործնախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Ակնկալվում է, որ Սալեհիին կընդունի նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկկողմանի համագործակցության հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Աֆղանստանի տնտեսական զարգացման համար օգնության ցուցաբերումը:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջերին Թեհրանում Տաջիկստանի դեսպան Բոլատ Ալի Խաթամովը հայտարարեց, որ Տաջիկստանն իր նավթային կարիքների մեծ մասը ստանում է Ռուսաստանից, սակայն պատրաստ է դրա հետ մեկտեղ ներկրել նաև իրանական նավթ: Դեսպանը նաև կարևորել էր երկու երկրների միջև գազատարի կառուցումը: