ՄԱԿ-ի տվյալներով` տարերային աղետները 2011 թ. համաշխարհային տնտեսությանը պատճառել են աննախադեպ` 380 մլրդ դոլարի վնաս:
Ընդ որում` նշված չէ աղետի հետևանքով զոհված մարդկանց թիվը: Այս մասին հաղորդում է Deutche Welle հեռուստաալիքը:
Դեռ երբեք բնական աղետների չափերն այսքան խոշոր չեն եղել, որքան անցած տարում,- փաստում են ՄԱԿ-ի փորձագետները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության հատուկ ներկայացուցչի խոսքով` անցած տարի տեղի ունեցած երկրաշարժերը, ջրհեղեղներն ու այլ տարերային աղետները Երկրագնդի բնակչությանն արժեցել են նվազագույնը 380 մլրդ դոլար: Սա երկու երրորդով ավելի է ռեկորդային 2005-ից, երբ ԱՄՆ-ով անցավ «Կատրին» փոթորիկը:
Առաջին հերթին նյութական կորուստները կապված են Ճապոնիայում և Նոր Զելանդիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժների, ինչպես նաև Թաիլանդում և այլ երկրներում տեղի ունեցած ջրհեղեղների հետ:
Միայն Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին տնտեսությանը հասցրեց 210 մլրդ դոլարի վնաս: Ընդհանուր առմամբ` 2011 թ. տեղի է ունեցել ավելի քան 300 խոշոր տարերային աղետ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով 2011 թ. տրվել են 107 մլրդ դոլարի ապահովագրական վճարներ, ինչը պատմության մեջ երկրորդ խոշորագույն դեպքն է 2005 թվից հետո, երբ հատկացվել է 120 մլրդ դոլար:
Հաշվետության մեջ նշվում է նաև, որ շնորհիվ երկրների պատրաստվածության բարձր աստիճանի, հնարավոր է եղել խուսափել մեծաքանակ զոհերից:









































