Նոր հետազոտությունը պարզել է, որ մարդկանց քաղցածությունը ուղղակիորեն ազդում է առօրյա իրավիճակների մարդու ընկալման վրա: Այս մասին գրում է daily mail-ը:
Ուսումնասիրությունը կատարել են հոգեբանական գիտությունների մասնագետները: Նրանք պարզել են, որ քաղցած մարդիկ ավելի լավ են տեսնում սննդի հետ կապված բառերը, քան նրանք, ովքեր նոր են ճաշել:
Ֆրանսիական մի համալսարանի հոգեբան Ռեմի Ռոդելը թեստ է պատրաստել, որին մասնակցել են 42 ուսանողներ, ովքեր 3-4 ժամ ոչինչ չեն կերել: Խմբում ընդգրկվածներից մի մասին ուսումնասիրել են առանց քաղցը հագեցնելու, իսկ մյուսներին կանչել են ուտելուց 1 ժամ հետո: Մասնակիցները նայել են համակարգչի էկրանին, որտեղ 80 բառ են ցուցադրել: Բառերն էկրանին հայտնվել են շատ կարճ ժամանակահատվածով:
Երբ ցուցադրել են այնպիսի բառերի 2 տարբերակ, ինչպիսիք են օրինակ gateau, որը նշանակում է տորթ, և bateau, որը նշանակում է նավակ, քաղցած մասնակիցները ընտրել են առաջին տարբերակը՝ ասելով, որ դա ավելի պայծառ է երևում:
Դոկտոր Ռոդելի պնդմամբ՝ հետազոտության արդյունքներն ապացուցել են, որ քաղցած ուսանողները բնազդաբար են ընկալում բառերը, մինչ ուղեղի համապատասխան հատվածը հնարավորություն կունենա փոխել աչքերով ստացած ուղերձը: «Սա մի մեծ հայտնագործություն էր ինձ համար, որ մեր ուղեղը կարող է դասավորել մեր դրդապատճառներն ու պահանջները: Փաստորեն մեր ներսում ինչ-որ բան կա, որն ընտրում է ինֆորմացիան կյանքը հեշտացնելու համար»,- ասել է պրոֆեսորը:








































