Թուրքական Haberler կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժողովում, միջազգային հանրությանը մեղադրել է Սիրիայում շարունավող բռնությունների նկատմամբ ցուցաբերած անտարբերության համար, որոնք նա որակել է որպես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմից «անմարդկային ագրեսիա».
«Սիրիական իշխանությունների ագրեսիվ գործողությունները վերջին օրերին ստացել են անմարդկային բնույթ: Սիրիայում գործող ռեժիմը շարունակում է միջազգային հանրությանը ցուցադրել է, թե ինչպես է անխղճաբար ոչնչացնում իր ժողովրդին:
Ցավոք, միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ, սահմանափակվում է միայն տեղի ունեցող իրադարձություններին հետևելով: ՄԱԿ-ի կողմից Սիրիայի վերաբերյալ չընդունված բանաձևերն ուժ են տալիս Ասադի ռեժիմին:
Պետք է ուժեղացնել Սիրիայի իշխանությունների նկատմամբ գործադրվող ճնշումը, որպեսզի բացվեն հումանիտար միջանցքներ՝ օգնության առաքման, ինչպես նաև Դամասկոսի նկատմամբ Արաբական պետությունների լիգայի գործողությունների պլանի իրագործման համար:
Թուրքիան շարունակելու է սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ջանքերի գործադրումը: Մասնավորապես, դրան է նվիրված մարտի վերջին Ստամբուլում կայանալիք «Սիրիայի բարեկամների խմբի» միջազգային կոնֆերանսը:
Ես այս ամբիոնից ևս մեկ անգամ ողջունում եմ Սիրիայի ժողովրդին ու սիրիական ընդդիմությանը՝ նրանց ցուցաբերած վճռական հակազդեցության և արժանի հարգանքի համար: Թող նրանք իմանան, որ թուրք ժողովուրդը մշտապես կլինի նրանց կողքին: Սիրիայում հոսող արյունը տեղում չի մնա»:








































