ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը իր երկրի պատմության մեջ առաջին անգամ հայտարարել է, որ պետությունը կարող է ոչնչացնել երկրի սահմաններից դուրս գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, եթե նրանք սպառնում են երկրի ազգային անվտանգությանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դրանով Հոլդերը պատասխանել է իրավապաշտպանների այն պնդումներին, թե անօրինական է եղել անցյալ տարվա սեպտեմբերին «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկի` ԱՄՆ քաղաքացի Անվար Ալ-Ավլաքիի ոչնչացումը:
Գլխավոր դատախազն ասել է, որ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, այդ պատճառով նման գործողության համար դատարանի որոշումն անհրաժեշտ չէ: Հոլդերը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ քաղաքացիների դեմ զենք կկիրառվի միայն այն դեպքում, եթե նրանք դառնում են «Ալ-Քաիդայի» կամ նմանատիպ կազմակերպության պարագլուխ:
«Երբ նման մարդիկ զենք են բարձրացնում սեփական երկրի դեմ և հանցավոր համաձայնության գալիս «Ալ-Քաիդայի» հետ՝ ԱՄՆ քաղաքացիներին սպանելու համար, պատասխանը կարող է միայն մեկը լինել:
Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանգնեցնենք նրանց գործողությունները` ամբողջությամբ հետևելով մեր Սահմանադրությանը: Վտանգի պահին մենք սպասելու հնարավորություն չունենք, քանի որ նրանք մահաբեր ծրագրեր են իրականացնում: Եվ մենք չենք սխալվելու»,- ասել է Հոլդերը:









































