«Ռեյտեր» գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սիրիայի Դարաա քաղաքում շաբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է յոթի:
«Ամենքիչը յոթ մարդ մահացել է, ևս ութ մարդ վիրավորվել է: Նրանք գտնվում էին այն մեքենայի մոտ, որը պայթեց»,- հայտնել է քաղաքի բնակիչ Սաիդ Ջավաբրան:
Ավելի վաղ տեղեկացվել էր մեկ զոհվածի և քսան վիրավորների մասին:
«Կիա» մակնիշի ավտոմեքենան, որը վարել է մահապարտ ահաբեկիչը, պայթել է շաբաթ օրը առավոտյան Սիրիայի Դարաա քաղաքում: Ականատեսների խոսքերով՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ ջարդվել են մոտակա տների պատուհանների ապակիները: Ականատեսները վկայում են, որ լսվել են նաև կրակոցներ:
Սիրիայում արդեն մեկ տարի է շարունակվում են հակակառավարական ցույցերը: Ամեն օր տեղեկատվություն է ստացվում մարդկանց մահվան մասին՝ ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցների շրջանում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ զոհերի թիվը գերազանցել է 7500-ը: Սիրիական իշխանությունները պնդում են, որ բախումների հետևանքով զոհվել են ավելի քան 2000 զինծառայողներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ:











































