BP ընկերության ու Մեքսիկական ծոց նավթի թափվելու հետևանքով տուժածների միջև գործարքի ընդհանուր գումարը կազմել է 7.8 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Գործակալության հետ զրույցում ընկերության աշխատակիցը ճշտել է, որ 2.3 մլրդ դոլարը տրվելու է որպես ձկնարդյունաբերության ոլորտում ծախսերի փոխհատուցում, որոնք ծագել էին նավթի թափվելու հետևանքով առաջացած էկոլոգիական աղետի հետևանքով:
Associated Press գործակալության հաղորդմամբ` ընկերության դեմ դատական գործում որպես հայցվոր կողմ հանդես էին գալիս ավելի քան 100 հազար ձկնորսներ, որոնք վթարի հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը, մի մասն էլ բողոքում էր առղջական վիճակի վատթարացումից:
Սա BP-ի ու տուժող կողմի միջև կնքված պատմության մեջ խոշորագույն գործարքներից է: Գումարները տրվելու են վերջերս ստեղծված փոխհատուցման հիմնադրամից, որի ֆոնդը կազմում է 20 մլրդ դոլար:
Գործարքի կնքմամբ պայմանավորված` դատական գործով լսումները, որոնք նախանշված էին մարտի 5-ին, անորոշ ժամանակով հետաձգվել են:
Հիշեցնենք, որ Deepwater Horizon նավթային պլատֆորմում հրդեհը հանգեցրեց ԱՄՆ պատմության մեջ ամենամասշտաբային էկոլոգիական աղետին: Այդ ժամանակ Մեքսիկական ծոց լցվեց 4.9 մլն բարել նավթ, մահացավ 11 աշխատակից:







































