Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքային իր ելույթում նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ունի լուրջ քաղաքական ուժ դառնալու հավակնություն: Եթե այդ պնդումը ելներ մի որևէ ասուլիսից, որին մասնակցում են մանր ու միջին քաշի քաղաքական տարբեր գործիչներ, ապա դրան կարելի էր ուշադրություն չդարձնել: Բայց այդ պնդումն անում է քաղաքական ընդդիմության ամենածանրակշիռ ուժի առաջնորդը, որի խոսքին ականջալուր է զգալի չափով հասարակական զանգված: Մինչդեռ ԲՀԿ-ի մասին հայտարարելը, թե՝ այդ կուսակցությունն ունի լուրջ քաղաքական ուժ դառնալու հավակնություն, փաստացի նույնն է, ինչ հայտարարել, որ, ասենք, Սամվել Ալեքսանյանը մտադիր է լուրջ ներդրումներ կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում և շաքարավազն այլևս iPad-ով ներկրել Հայաստան:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայումս բոլոր առումներով դարձել է ՀՀԿ-ի կցորդը: Այդ կուսակցությունը ՀՀԿ-ի հետ մրցավազքի մեջ է՝ ով է ավելի շատ մականունավոր կամ գործարար ներգրավելու խորհրդարանական ընտրությանը: Լուրջ քաղաքական ուժի հավակնություն ունեցող կուսակցությունը համատարած չի խախտի օրենքը և կուսակցական լոգոտիպի ներքո բարեգործություններ չի իրականացնի, նաև իր շարք չի ներգրավի մի գործչի, որը հայտնի է Հայաստանում քաղաքականությունը կատարյալ բիզնեսի վերածելու իր փորձով, երբ 2003 թվականին բոլորին անհայտ ՄԱԿ կուսակցությունը կարողացավ հաղթահարել խորհրդարանի 5 տոկոսը, որովհետև դրա առաջնորդ, գործարար Գուրգեն Արսենյանը կարողացել էր իր բիզնես-հնարքները հմտորեն կիրառել քաղաքական գործընթացում:
Այդ պայմաններում խոսել ԲՀԿ լուրջ քաղաքական հավակնությունների մասին՝ առնվազն միամտություն է կամ հավասարազոր է հանրությանը միամիտի տեղ դնելուն: Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան»-ի հասցեին ռևերանսներ անելուն, ապա այդ տեսանկյունից պետք է թերևս նկատել, որ գնացքը արդեն գնացել է, և եթե 2011 թվականի հոկտեմբերի շուրջօրյա հանրահավաքների ընթացքում Տեր-Պետրոսյանի արած ռևերանսների մեջ կար քաղաքական նկատելի տրամաբանություն, ապա այժմ արդեն առնվազն մոլորություն է ԲՀԿ-ին Կոնգրեսի կողմ ներգրավելու ջանքը, որովհետև ԲՀԿ-ն արդեն լիովին ներգրավված է Սերժ Սարգսյանի նախընտրական մարտավարության խորապատկերում, ինչի վառ ապացույցները կուսակցությունը հանրությանը մատուցեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի վերաբերյալ օրենքի նախագծի քվեարկությանը անուղղակի աջակցելով ՀՀԿ-ին, ինչպես նաեւ ՀՀԿ օգտին հրաժարվելով մեծամասնական շատ ընտրատարածքներում թեկնածու առաջադրելու հեռանկարից:
Առավելագույնը, որ Հայ ազգային կոնգրեսի հետ կարող է «Բարգավաճ Հայաստան»-ն անել, դա մուկնուկատու խաղալն է, ինչով ընդհանրապես այդ կուսակցությունն արդեն մոտ հինգ տարի քաղաքական դաշտում զբաղված է՝ փոխելով ընդամենը հասցեատեր սուբյեկտներին և անփոփոխ թողնելով սեփական կողմնորոշումը՝ ամեն գնով մնալ իշխանական կարկանդակին հնարավորինս մոտ դիրքերում:









































