«Մարտի 1»-ը իշխանության գրավում էր՝ աթոռակռիվ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի գնահատական տվեց քանդակագործ, արվեստաբան Լևոն Թոքմաջյանը՝ խոսելով «Հետադարձ հայացք մարտի 1-ի դեպքերին` ինչպես խուսափել» թեմայի շուրջ: Նա նշեց, որ Մարտի 1-ը մեզ համար ողբերգական օր էր` իր հետևանքներով:
«Ես այդ գիշերվա ականատեսն եմ: Որոշել էի Բաղրամյան պողոտայով իջնել դեպի Կարմիր բանակի փողոց և տեսա, որ փակ են բոլոր փողոցները: Այն, ինչ ես այդ գիշեր տեսա, Աստված մի արասցե, որ կրկնվի: Մեզ համար պարզ էր՝ ինչու տեղի ունեցավ Մարտի 1-ը»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ մարտյան դեպքերը իր համար խորը ցավ են: Լ. Թոքմաջյանի համոզմամբ՝ հայի ուժը իրար դեմ դուրս չգալու մեջ է:
Անդրադառնալով ընտրություններին՝ նա ասաց, որ քաղաքական գործիչներն ամեն բան անում են ԱԺ խցկվելու համար, նույնիսկ գրքեր են գրում: Նա նշեց` քիչ է հավատում, որ այս կերպ հայերը կարող են ինչ-որ բանի հասնել: Արվեստաբանի կարծիքով՝ Ֆրանսիան նույնպես խաղ է խաղում. նրանց և թուրքերի, և հայերի ձայներն են հարկավոր:
Չորս տարի առաջ տեղի ունեցած մարտյան դեպքերին անդրադարձավ նաև սոցիոլոգ, քաղաքական գիտությունների թեկնածու Արթուր Աթանեսյանը: Նա նշեց, որ հասարակությունը և իշխանությունը պետք է կարողանան և ցանկանան միմյանց հետ խոսել. եթե դա չի լինում, այսպիսի բախումներ են առաջանում: Ըստ նրա՝ դրական միջավայրում նման մեթոդների կարիք չի զգացվում:
«Պետք է լինեն մեխանիզմներ, որպեսզի հասարակության դժգոհ զանգվածը կարողանա իր բողոքը հայտնել: Մենք հիշում ենք, թե ինչպես էին դեպքերի օրը թալանվում խանութները. սրանք հուսախաբության արդյունք էին: Ցանկացած հեղափոխություն այդպիսին է. միշտ խաբված հույսեր լինում են»,- վերլուծեց Ա. Աթանեսյանը՝ հավելելով, որ հասարակությունը միայն իշխանությանը մեղադրելու փոխարեն պետք է փորձի նաև իրեն փոխել: Ա. Աթանեսյանի խոսքով՝ պետք է առաջին հերթին մենք մեզ հեղափոխենք, քանի որ իշխանությունը հասարակության հայելին է:







































