Սրբապղծության նման բան է այսօր` մարտի 1-ին, քվեարկության դնել «Արտակարգ ռեժիմի» մասին օրինագիծը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:
«Այս օրինագիծը հակասում է Սահմանադրությանը. այդ մասին ասում են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ: Եթե օրենքում փոփոխությունների կարիք կար, ապա դրանք կարելի էր կատարել արդեն նոր խորհրդարանում: Արտառոց է, որ հենց այսօր է օրինագիծը քվեարկության դրվում:
Բացի այդ, հատկանշական է, որ սա արվում է ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ։ Այն մարդկանց զգուշացնելու միտում ունի` տեսեք, հա, չհամարձակվեք ընդվզել: Օրինագիծը պետք է ավելի լայն հասարակական քննարկման առարկա դառնար»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ նկատեց, որ օրինագիծը հակասահմանադրական չէ: «Ես այն կարծիքի եմ, որ աշխարհի բոլոր երկրներն օգտագործում են իրենց գործիքները` արտակարգ իրավիճակները զսպելու համար:
Մեր երկիրը, որ հազար կիլոմետր սահման ունի մեր թշնամի հարևանների հետ, կարիք ունի բանակի զգոնության ու աչալրջության: Ո՞վ է ասում, որ բանակի ուժը միայն Երևանում է գործածվելու: Մենք հասարակության հետ տոլերանտ քաղաքականության կողմնակից ենք»,- ասաց նա:











































