Սիրիացի ապստամբներին ճնշելու համար ավելի քան 7 հազար զինվորականներ շրջապատել են Հոմս քաղաքը, որտեղ արդեն մի քանի շաբաթ է՝ բախումներ են տեղի ունենում հակակառավարական ուժերի և անվտանգության ու բանակի զինվորականների միջև: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով ապստամբների բարձրաստիճան հրամանատարներից մեկին:
Նա պատմել է, որ կառավարական զորքերը շրջապատել են հիմնականում Հոմսի Բաբ Ամրու շրջանը, որտեղ տեղակայված են ապստամբների հիմնական ուժերը: Հաղորդվում է փողոցային մարտերի մասին:
Ըստ ապստամբների` կառավարական զորքերին չի հաջողվում խորանալ դեպի այդ շրջանի կենտրոնական շրջաններ: Ապստամբների հրամանատարը նաև հաղորդել է, որ ապստամբ մյուս ստորաբաժանումներին հրաման է տրվել հարձակումներ սկսել այլ շրջաններում, որպեսզի թուլանա Հոմսի վրա կառավարական ուժերի կողմից իրականացվող ճնշումը:
Հայտնի է, որ հարձակման հիմնական փուլը կառավարական ուժերը սկսել են փետրվարի 29-ին: Ենթադրվում է, որ հարձակումը ղեկավարում է գործող նախագահի եղբայրը` Մահիր Ալ-Ասադը:









































