Այսօր Ազգային ժողովում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի շուրջ շարունակվող քննարկումների ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հնչեցրեց ՀՅԴ առաջարկները։ Նախ՝ պետք է բացառել զինված ուժերի ներգրավումը արտակարգ դրության ժամանակ: ՀՅԴ խմբակցության պատգամավորներն առաջարկում են արտակարգ դրության ժամանակ ներգրավել փրկարար ծառայության ուժերի:
«Այս նախագծում այլևս կարիք չի առաջանա օգտագործել «առավելապես» արտահայտությունը, որը, իբրև իրավաբան, կարծում եմ՝ խիստ խոցելի եզրույթ է»,- ասաց Ա. Մինասյանը:
Պատգամավորի խոսքով՝ ԱԺ-ն պետք է ունենա լուրջ հակակշիռ և հնարավորություն, և հատուկ նիստի ընթացքում առաջարկները պետք է լիարժեքորեն քննարկվեն: Թեև ամրագրվում է ընդհանրական դրույթ, թե որ դեպքում է հայտարարվում արտակարգ դրությունը դադարեցված, առաջարկվում է նաև դադարեցված համարել, եթե ԱԺ որոշմամբ դադարեցվել կամ չեղյալ են հայտարարվել արտակարգ դրության հաստատման մասին ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված բոլոր միջոցառումները:
Միաժամանակ, Ա. Մինասյանը շեշտեց, որ օրինագծում կիրառվում է «իշխանություն գրավելու փորձ» արտահայտությունը, սակայն նման դրույթ չկա, կա «իշխանությունը յուրացնելու փորձ», և առաջարկում են «իշխանությունը գրավել» բառերը փոխարինել «իշխանությունը յուրացնել» բառերով, որը քր.օր.-ի համաձայն՝ վերաբերում է ինչպես իշխանությունը զավթելուն, այնպես էլ բռնի պահելուն: «Այս երկուսը պետք է հիմք հանդիսանան արտակարգ դրություն հայտարարելու համար»,- նշեց պատգամավորը:
«Այս նախագիծը կարելի է կոչել ոչ թե «Արտակարգ դրության իրավական ռեժիմի», այլ «աչք վախեցնելու իրավական ռեժիմի» մասին: Դուք այսօր հայտարարում եք, որ բանակը ներգրավվելու է քաղաքական գործընթացներում: Ինչո՞ւ եք բերում այս նախագիծը և փորձում քվեարկության դնել մարտի 1-ին: Հիշեցնեմ՝ վաղը մարտի 1-ն է: Եթե այս նախագիծը ընդունվի, ընդունվելու է մարտի 1-ին: Բերեք մի փոքր վերանայենք մեր մոտեցումները: Այն, ինչ անելու ենք մարտի 1-ին, եկեք անենք ի բարօրություն մեր ժողովրդի»,- հայտարարեց Ա. Մինասյանը՝ կրկին ընդգծելով, որ ՀՅԴ-ն դեմ է այս տեսքով նախագծի ընդունմանը:







































