«Երեկ, երբ Աժ-ում քննարկվում էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցը, Աժ Բաղրամյանի մուտքի մոտ բողոքի ակցիա էին անում խորհրդարանական ե արտախորհրդարանական ուժերը: Հենց այդ ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը ֆիքսեց, որ «Մերսեդես G500» մակնիշի 005 00 05 և մեկ այլ մակնիշի 029 00 11 համարանիշներով ավտոմեքենաների վարորդները երթևեկում էին առանց ամրագոտու, իսկ ավտոմեքենաների դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները»,- գրում է «Առավոտ»-ը:
«Երբ ֆոտոլրագրողը լուսանկարում էր նշված ավտոմեքենաները, «Մերսեդես G500»-ի մեջ նստած անձինք նեղսրտեցին. «Չգիտե՞ս՝ ում ավտոներն են, խի՞ ես նկարում»: Որից հետո Շամշյանին մոտեցավ մի տղամարդ և մանրամասնեց, թե ում ավտոմեքենան է. «Դու ի՞նչ իրավունք ունես նկարես, էս ավտոների շեֆերը հանրապետականներ են»:
Տեսնելով, որ չի կարողանում համոզել, ձեռքի ծխախոտը նետեց Շամշյանի ուղղությամբ և հայհոյեց: Նրա ագրեսիան կարողացան սանձել այնտեղ գտնվող ոստիկաններն ու քաղաքացիները: Ավելի ուշ պարզվեց, որ 029 00 11 համարանիշը գրանցված է Աժ ավտոտնտեսության բալանսում և սպասարկում է Աժ պատգամավոր, ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանին: Իսկ «Մերսեդես Շ500»-ը գրանցված է Արմավիրի մարզում՝ «Տնաշին-Աշոտ» ԱՊԸ-ի բալանսում: Տեղեկացանք, որ այդ ավտոմեքենան էլ պատկանում է արմավիրցի ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանին»,- հավելում է «Առավոտ»-ը:









































