2011 թ. փետրվարին Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո ԱՄՆ-ն ավելի քան 3 անգամ կրճատել է Եգիպտոսին հատկացվող տնտեսական աջակցությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով Եգիպտոսի ԱԳՆ–ի Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Սոխի Ալ-Գունդիին:
«2011 թ. եգիպտական հեղափոխությունից հետո Վաշինգտոնը կրճատել է Կահիրեին հատկացվող ամենամյա տնտեսական աջակցությունը` 815 միլիոնից հասցնելով 250 միլիոն դոլարի»,- հայտարարել է ԱԳՆ դեպարտամենտի ղեկավարը:
Ալ-Գունդին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի՝ Եգիպտոսին հատկացվող ռազմական գծով ֆինանսական աջակցությունը 1.3 միլիարդ դոլարի չափով կհատկացվի, եթե Կահիրեն կատարի իր որոշակի պարտականությունները, տվյալ պարագայում «երկրում շարունակի ժողովրդավարական գործընթացը նաև այն դեպքում, երբ իշխանությունը զինվորականներից փոխանցվի ընտրված նախագահին»:
Մեկնաբանելով եգիպտա-ամերիկյան հարաբերությունները՝ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ի մարտավարական քաղաքականության մեջ Եգիպտոսի դերը չի փոխվի: Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի համար միևնույնն է, թե «ինչ կառավարություն կլինի Եգիպտոսում` ժողովրդավարական թե դիկտատուրա»: Ըստ Ալ-Գունդիի՝ Վաշինգտոնը մինչ օրս վերջնականապես չի ձևավորել իր դիրքորոշումը Կահիրեի հանդեպ և դեռ «սպասում է, թե ինչի կհանգեցնի Եգիպտոսում ներկայիս անցումային շրջանը»:









































