«Առաջին լրատվական»-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ Եվրամիության 27 երկրների արտգործնախարարներն այսօր հանդիպում կունենան Բրյուսելում, որի ընթացքում, ի թիվս Սիրիայի, Իրանի ու տնտեսական ճգնաժամի, կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում։
Ակնկալվում է, որ քննարկման ավարտին Խորհուրդը փաստաթուղթ, այսպես ասած` եզրակացություն կընդունի, որով ևս մեկ անգամ կընդգծի, որ պատրաստ է շարունակել աջակցությունը ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու բարգավաճմանը ողջ տարածաշրջանում։
Միաժամանակ, Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, նախարարները կընդգծեն տարածաշրջանում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը։
Ակնկալվում է, որ փաստաթուղթը նաև կամրագրի, որ պաշտոնական Բրյուսելը ցանկանում է ընդարձակել իր ներգրավվածությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում` նպաստելով կողմերի միջև վստահության ամրապնդմանն ու շփման գծի ականազերծմանը։
Կովկասյան երեք երկրներում սպասվող ընտրություններից առաջ Խորհուրդը կանդրադառնա նաև ժողովրդավարությանն ու բարեփոխումներին` ընդգծելով, որ դրանց տեմպից է կախված Եվրամիության հետ հարաբերությունների ինտենսիվությունը։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, փաստաթուղթը կընդունվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` մարտի սկզբին Բրյուսել կատարելիք այցի նախաշեմին, որի ընթացքում անդրադարձ կլինի երկրում կատարված բարեփոխումներին ու առաջիկա ընտրություններին։
«Արդեն հայտնի է, որ Հայաստանի նախագահը հանդիպելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ, և կարծում եմ` Բարոզուն առիթը բաց չի թողնի` կրկնելու այն, ինչ այս օրերին ասում են եվրոպացի բոլոր պաշտոնյաները` Հայաստանը պետք է անցկացնի ազատ և արդար ընտրություններ», – ասում է Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը։








































