Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների բանակցությունները` Սիրիայի իշխանությունների և ընդդիմության հետ, որի նպատակն էր Հոմս քաղաքի վիրավորների տարհանումը, փետրվարի 26-ին անարդյունք է ավարտվել. հաղորդում է РИА «Новости» գործակալությունը` հղում անելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Սալեհ Դաբբակեհին:
«Կիրակի օրը տարհանում չի լինի: Մենք պետք է ձեռք բերենք բոլոր կողմերի համաձայնությունը, որպեսզի կարողանանք հանդես գալ` որպես չեզոք մարդասիրական կազմակերպություն, և տարհանենք վիրավորներին»,- հայտարարել է Դաբբակեհը:
Նախօրեին Սիրիայի «Կարմիր մահիկ» ազգային կազմակերպության օգնությամբ, որը Կարմիր խաչ միջազգային շարժման և «Կարմիր մահիկի» մի մասն է, աշխատակիցները սկսել էին Հոմսից վիրավորների տարհանումը: Տարհանվել էր մի քանի տասնյակ մարդ:
Սիրիայի իշխանությունների և Կարմիր խաչի ներկայացուցիչների պայմանավորվածության համաձայն` շտապօգնության ավտոմեքենաները անցել են շրջափակված քաղաքի թաղամասերով, որտեղ բախումներ են տեղի ունենում:
Առաջին հերթին տարհանվել են երեխաները և կանայք: Նախնական տվյալներով` Հոմսից դուրս են բերվել միայն սիրիայի քաղաքացիները:








































