Մաշտոցի պուրակում շարունակելու ենք պահպանել ֆիզիկական ներկայություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բնապահպան ակտիվիստ, Մաշտոցի պուրակի «պաշտպան» Ռուզաննա Գրիգորյանը`խոսելով պուրակում ակտիվիստների հետագա անելիքների շուրջ:
Նա նշեց, որ նույն կերպ շարունակելու են պայքարել, ինչպես այսօր` այգում ֆիզիկական ներկայությամբ, այնքան ժամանակ, մինչև կրպակները կապամոնտաժվեն: «Այս հարցով դատարան դիմել են «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, քաղաքապետարան մենք ենք դիմել, սակայն գործընթացը մինչ այսօր էական արդյունք չի տվել: Այս պահին շինարարությունը դադարեցված է, և կարծես թե պայքարի առանցքը կորել է, բայց այսօր միջոցառումներով, ակցիաներով փորձում ենք այգին կենդանի պահել, որպեսզի մարդկանց հոսքը չդադարի, մինչև ավելի հստակ հայտարարություն և որոշում կլինի կրպակների վերաբերյալ, ինչ-որ առանցք կլինի, որի շուրջ մեր պայքարը կկառուցենք»,- նշեց Ռ. Գրիգորյանը`հավելելով, որ հիմա միջոցառումների և ակցիաների միջոցով են շարունակելու պայքարը:
Անդրադառնալով Մաշտոցի պուրակի համար պայքարի քաղաքական ուղղորդվածության մասին հայտարարություններին`նա պահանջեց նշել անուններ, կազմակերպություններ, քաղաքական ուժեր, որոնք հովանավորում կամ ուղղորդում են Մաշտոցի պուրակի ակտիվիստներին: Ըստ նրա` դրանք բավականին լուրջ հայտարարություններ են, որոնք պետք է հիմնավորված լինեն:
«Թող ասեն` կոնկրետ ինչ նպատակով է դա արվում: Առանց այդ հիմնավորման, դա բանսարկություն է, ես այլ կերպ դա չեմ կարող անվանել: Ես ամբողջ օրն այնտեղ եմ, և ինձ հայտնի չէ, թե ինչ ուժերի ենք մենք ենթարկվում: Նման հայտարարությունները, թե մենք ինչ-որ քաղաքական ուղղորդվածություն ունենք, անհիմն են: Ինձ որևէ քաղաքական ուժ չի մոտեցել, ես որևէ քաղաքական ուժի չեմ ենթարկվում, սա քաղաքացիական պայքար է, բացի ակտիվիստներից՝ կան հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր օրվա ընթացքում գալիս են պուրակ, գալիս են իրենց օժանդակությունն են հայտնում պայքարին, միանում են տարբեր մտավորականներ»,- եզրափակեց Ռուզաննա Գրիգորյանը:
Նշենք, որ արդեն 15 օր է, ինչ բնապահպանական և քաղաքացիական նախաձեռնությունները պայքարում են Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման համար:









































