Այսօր Ազգային Ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ԱԺ «Ժառանգություն» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խառն ընտրակարգից անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի:
Հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել օրենքի նախագծի վերաբերյալ, ինչը հիմք է հանդիսացել որպեսզի «Ժառանգություն» խմբակցությունն իր նիստում այն արտահերթ ճանաչի և այդ որոշումը Ազգային ժողովի նախագահին ներկայացնի ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն:
Օրինագիծը կներառվի փետրվարի 27-ից մարտի 1-ի քառօրյա նիստերի օրակարգում և արտահերթ կքննարկվի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում:
Հիծեցնենք, որ «Ժառանգություն» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների այս նախաձեռնությունը ողջունել ու զորակցել էին մեկ տասնյակից ավել քաղաքական ուժեր և հասարակական ու քաղաքական նախաձեռնություններ:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում մինչև 30 օրով հետաձգվեց «Գաղտնազերծման մասին» և այլ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:
Հանձնաժողովի կողմից մերժվեց «Ժառանգություն» խմբակցության կողմից ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որը պետք է ուսումնասիրեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու և բնապահպանական վճարների կատարման, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման օրինականության հարցերը:








































